ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին պետք չէ բացատրել, թե ինչ բան են միջազգային հարաբերությունները։ Նրանք ցանկացածից ավելի լավ են տեղյակ՝ ինչպես միջազգային ասպարեզում առաջխաղացնել իրենց շահերը եւ ելնում են միայն սեփական շահերից։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ համանախագահ երկրներից յուրաքանչյուրի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք արտաքին քաղաքականություն վարում։ Ռուսաստանն, օրինակ, զենք է վաճառում Ադրբեջանին, ԱՄՆ-ն շատ լավ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, որը ժողովրդավարական պետություն չէ։ Ֆրանսիան շատ արդյունավետ է քաղաքականություն վարում եւ փոխում իր քաղաքականությունը։
«Դրանից պետք է օգուտ քաղել սեփական երկրի համար։ Պետք է հասկանալ այդ ամենն ու գիտակցել»,-նկատեց նախկին պատգամավորը։ Այնպես որ, Պողոսյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ցանկացած պետություն ելնում է միայն իր սեփական շահերից։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարություններին, ըստ Պողոսյանի, գործնականում դրանցում միշտ նշվել են հակամարտության երկու կողմերը։
«Նույնիսկ այն հայտարարությունում, որը մենք որպես հասցեական բնութագրեցինք, նախադասություններից մեկում նշված է, որ Ադրբեջանն առաջինն է կրակ բացել, սակայն ասվել է նաեւ, որ հայկական կողմը պատասխանել է։ Այդպես նրանք ցանկանում էին մատնանշել, որ երկու կողմն էլ մեղավոր է»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ տվյալ հայտարարությունը հնչեց միայն հայկական ուժերի կոշտ պատասխանից հետո։





























