Հայաստանը պետք է մտածի՝ արդյո՞ք չի եկել ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման համար օրենսդրական դաշտ պատրաստելու ժամանակը։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողներին հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ես հասկանում եմ, որ այս հարցը շատ կարեւոր է բոլոր հայերի համար։ Հարցն օրակարգում է, ոչ ոք այն չի հանել»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

Ուկրաինայի ու Վրաստանի փորձը, ըստ դեսպանի, ցույց է տալիս, որ վիզայի ռեժիմի ազատականացման համար անհրաժեշտ են շատ լուրջ պայմանավորվածություններ։ Հայաստանի դեպքում շատերն օգտագործում են «համբերություն» տերմինը։ «Հայաստանը պետք է մտածի, արդյո՞ք չի եկել օրենսդրական դաշտ պատրաստելու ժամանակը։ Դուք պետք է պատրաստեք օրենքները, ներդնեք ընթացակարգային կարգեր, եթե մտածում եք վիզայի ռեժիմի ազատականացման մասին»,- ամփոփել է Պյոտր Սվիտալսկին։