Պետական եկամուտների կոմիտեի նորաբաց մոնիթորինգի կենտրոնում կատարելագործվում են վերլուծական եւ ռիսկերի բացահայտման գործընթացները:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեխնիկապես հագեցած կենտրոնի ստեղծմամբ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչա¬կան ընթացիկ հսկողու¬թյունը փոխարինվում է էլեկտրոնային հսկողությամբ: Արդյունքում կրճատվում են հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Շարունակական եւ կենտրոնացված վերլուծությունների միջոցով բացահայտելով հարկ վճարողների ռիսկային վարքագիծն ու դրա փոփոխությունը՝ կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին:
«Գործընկերային իրազեկման նպատակը անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման եւ գների թերհայտարարագրման ռիսկերի կանխարգելումն է: Բացի այդ, այսուհետ տարածքային հարկային տեսչության տեսուչի հիմնավորման փոխարեն համակարգն է որոշում որեւէ ընկերությունում, օրինակ, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը»,-նշել է ՊԵԿ ռիսկերի կառավարման եւ հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը:
Նորաստեղծ կենտրոնում արդեն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով եւ հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգ: Հսկիչ-դրամարկղային մեքենաներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքում մայիսի 5-ին առաջին ծանուցումներն են ուղարկվել ռիսկային հարկ վճարողներին: «Մինչեւ հունիսի 17-ն ուղարկվել է 838 ծանուցում, որից փաստացի դիտվել է 555-ը, իսկ 143-ը կամ ավելի քան 17%-ը կրկնակի ծանուցումներ են: Իրենց հերթին հարկ վճարողները 34 բացատրություն եւ առարկություն են ներկայացրել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով եւ մոնիթորինգի կենտրոնի էլեկտրոնային հասցեով»,-հայտնել է մոնիթորինգի բաժնի պետ Վիգեն Վարդանյանը: Համակարգի միջոցով վերհանված ռիսկայի հարկ վճարողներին ծանուցում ուղարկելուց առաջ հաշվի են առնվում համալիր գործոններ՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից մինչեւ սեզոնայնություն: «Օրինակ՝ կանանց տոներով պայմանավորված՝ գարնանն օծանելիքի վաճառքով զբաղվող հարկ վճարողի իրացման բարձր շրջանառությունը հաջորդող ամիսներին կարող է էականորեն նվազել, որը, սակայն, հիմնավորված է, ուստի ծանուցում ուղարկելու պատճառ չի կարող լինել»,-պարզաբանել է ՊԵԿ եկամուտների գնահատման եւ վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը:
Հուլիսից ծանուցումներ են ուղարկվելու նաեւ հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքով ռիսկային վարքագիծ ցուցաբերած հարկ վճարողներին: Այս աշխատանքի շրջանակում մշակվել են ռիսկայնության գնահատման 28 չափանիշներ, որոնցից 17-ը փաստացի կիրառվում են հունիսի 1-ից, իսկ 11-ը կիրառվելու են 2018թ. ապրիլի 1-ից:
Մոնիթորինգի կենտրոնին է վերապահվել եւս մեկ գործառույթ. հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով սպասարկման 17 սրահներում արդեն ներդրվել են որակի գնահատման համակարգեր, որոնք կգործարկվեն հուլիսի 1-ից: «Համակարգը հնարավորություն կտա կառավարել մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման գործընթացը եւ շարունակա-բար բարելավել հարկ վճարողների սպա¬սարկ¬ման որակը»,-նկատել է ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանը:
Մոնիթորինգի կենտրոնի ստեղծման նպատակը եղել է հարկ վճարողների համար հավասար պայմաններ ապահովող եւ «խելացի» համակարգ ունենալը, որի դեպքում հարկ վճարողին ավելորդ անհանգստություն չի պատճառվի, միաժամանակ կապահովվի հսկողական աշխատանքների համար ծախսվող ռեսուրսների արդյունավետ կառավարում: Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական եւ առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ է ռիսկերի արագ բացահայտման եւ օպերատիվ արձագանքման գործընթացում: Այն նոր որակ է հաղորդում ՊԵԿ-հարկ վճարող հարաբերություններին եւ ձեւավորում նոր մշակույթ` հիմնված հավասար, թափանցիկ եւ արդյունավետ կառավարման վրա:





























