Հայաստանը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում արհմիությունների զարգացմանը` նրանց հետ սերտ համագործակցելով եւ համատեղ ծրագրեր իրականացնելով: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Գերմանիայի Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամասի արհմիությունների միավորման երիտասարդական թեւի ղեկավար Էրիկ Շլեյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը կարեւորել է արհմիությունների դերը աշխատողների իրավունքների պաշտպանության գործում:
«Ուժեղ արհեստակցական միությունը թույլ է տալիս վեր հանել առկա խնդիրները, բարելավել աշխատողների աշխատանքային պայմանները: Մենք նույնպես մեծ ուշադրություն ենք դարձնում արհմիությունների զարգացմանը` նրանց հետ սերտ համագործակցելով եւ համատեղ ծրագրեր իրականացնելով», - նշել է Ռոբերտ Մակարյանը:
Պատվիրակության ղեկավար Էրիկ Շլեյն իր հերթին հանգամանորեն ներկայացրել է Գերմանիայում արհմիությունների իրավական կարգավիճակն ու գործունեության կազմակերպման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ արհեստակցական միությունների արդի մարտահրավերները:
Այնուհետեւ կողմերը քննարկել են Հայաստանում եւ Գերմանիայում արհմիությունների գործունեությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոլորտում գործող օրենսդրությանը, դեպի գյուղատնտեսության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովմանը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավմանը եւ այլ հարցերի, տեղեկատվություն փոխանակվել գյուղատնտեսության բնագավառում ինքնազբաղ աշխատողների խնդիրների վերաբերյալ:
Կարեւոր խնդիրների թվում մատնանշելով մասնագիտական կրթության որակի բարձրացման անհրաժեշտությանը` փոխնախարար Ռոբերտ Մակարյանը միաժամանակ հավելել է, որ ագրարային ոլորտի մի շարք ուղղությունների, մասնավորապես գինեգործության, ջերմոցային տնտեսությունների եւ պահածոյագործության ոլորտների զարգացմանը զուգահեռ աստիճանաբար նկատվում է այդ ճյուղերի նկատմամբ հետաքրքրության աճ երիտասարդների շրջանում:





























