«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատակիցների կողմից տրամադրված գրքերն այս տարի նվիրաբերվելու են Արցախի դպրոցների գրադարաններին:

Նախաձեռնությունը մեծ ոգեւորությամբ է ընդունվել աշխատակիցների կողմից եւ կարճ ժամանակահատվածում հավաքվել է շուրջ հազար կտոր գիրք, այդ թվում մանկական գրականություն, դասական արժեքավոր ընտրանիներ, բառարաններ եւ այլն:

«Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան առաջին անգամ կազմակերպվել էր 2016 թվականի փետրվարին: Չնայած նրան, որ նախաձեռնությունն իրականացվում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի աշխատակիցների շրջանում, ակցիային միացել էին նաեւ Երեւանի, Արմավիրի ու Մարտունու մասնաճյուղերը:

Փետրվարի 19-ին` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ընկերության աշխատակիցների կողմից հավաքված գրքերը փոխանցվեցին Գյումրու Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանին:

Այս տարի «Յուրաքանչյուրս՝ մեկ գիրք» ակցիան ավելի լայնածավալ բնույթ է կրում, քանի որ նախաձեռնությանը մասնակցում են «Գազպրոմ Արմենիա»-ի բոլոր մասնաճյուղերը եւ դուստր ընկերությունները: