Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ վարչապետը երկարաժամկետ է տրամադրված պաշտոնավարելու հարցում, ինչի ապացույցը կառավարության ծրագիրն է: NEWS.am-ի հետ զրույցում դաշնակցական նախարարը նշել է, թե չի կարող կառավարությունը երկարաժամկետ չտրամադրվել:

«Չի կարող կառավարությունը երկարաժամկետ չտրամադրվել: Վարչապետը կառավարության  ղեկավարն է, եւ բնականաբար, իր ցանկացած քայլ երկարաժամկետ պիտի  մշակի եւ կատարի: Կառավարության ծրագիրը դրա ապացույցն է, որ  երկարաժամկետ է»,-ասել է կառավարության ներկայացուցիչը:

Հարցին՝ հրաժարական կտա՞ կառավարությունը, եթե չապահովի խոստացած 5 տոկոս տնտեսական աճը, նախարարը պատասխանել է. «Եթե տնտեսսական աճ ապահովես, պետք է երկրում շատ ուժեղ կոնսոլիդացիա լինի: Եթե կառավարությունը նման խնդիր չի դնում, ուրեմն չի կարողանում ապահովել կոնսոլիդացիա: Ես կողմ եմ, որ դնենք խնդիրը, եւ եթե չստացվի,կարողանաս բացատրել՝ ինչու չի ստացվել, իսկ եթե շատ անհաջող լինի, հեռանում են: Այսինքն՝ խնդիրը այնպիսին է, որ եթե նշաձողը դնում ես,  այն չպիտի շատ բարձր լինի, բայց նաեւ այնպես չպիտի լինի, որ շատ հանգիստ վիճակով առանց  լրացուցիչ էներգիա ծախսելու հասնես դրան»,-մեկնաբանել է Լեւոն Մկրտչյանը:

Թե ինչու մինչեւ հիմա խոստացած տնտեսական աճը չապահոված կառավարությունները հրաժարական չեն տվել, Լեւոն Մկրտչյանը պայմանավորել է ընտրությունների ցուցանիշներով:  «Ընտրությունն է  չափորոշիչը, եթե կառավարությունը  հաջողում է, ավելի ուժեղ է տվյալ քաղաքական ուժը գնում ընտրությունների, եթե ձախողում է, ուրեմն կորցնում է: Կառավարությունների հետեւոմ կանգնած են քաղաքական ուժեր, դրանք ընտրություններում հաղթել են եւ ձեւավորել են իրենց կամքը արտահայտող մարմիններ»: