Սահմանադրական փոփոխությունները կատարվեցին մեկ նպատակով՝ հավերժացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ երկիրը տանելու ավտորիտար ռեժիմի ու կուսակցապետության: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության համագումարում հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով. «Դրանք այն փոփոխությունները չէին, որ կարող էին երկրի զարգացման հիմք ապահովել»։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հասարակության 90 տոկոսը դեմ էր սահմանադրական փոփոխություններին եւ այդպես էլ քվեարկեց, բայց կեղծարարությամբ կարողացավ իշխանությունն «այո» ապահովել։
Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը՝ նա նկատեց. «Այն քաղաքական պահանջները, որոնց մասին բարձրաձայնեցին «Սասնա ծռերը», հասարակության առջեւ ծառացած խնդիրներն էին՝ Հայաստանի ինքնիշխանություն, իշխանափոխություն, արդար ընտրական համակարգ, ազատագրված տարածքների պահպանում: Սրանք այն կետերն են, որոնք «Ժառանգությունն» ինքն է տարիներ շարունակ բարձրաձայնել»:
«Դրանք «Ժառանգության» համար շատ հոգեհարազատ պահանջներ են եղել, այդ պատճառով էլ ստեղծվեց քաղաքական խորհուրդ, որն ամեն ինչ անում էր, որպեսզի հնարավորինս խաղաղ լուծում ստանա ստեղծված իրավիճակը, նաեւ կուսակցության անդամները շատ ակտիվ մասնակցեցին խաղաղ անհնազանդության պրոցեսներին»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ այդ ընտրությունները քաղաքանացնելու համար պետք էր հզոր ընդդիմություն ձեւավորել եւ քաղաքական դաշտը բաժանել սեւ եւ սպիտակի. «Եվ իշխանության կողմից ստեղծված ընդդիմադիրների, եւ փսեւդո ընդդիմության, եւ «մարգինալ» ընդդիմության ջանքերով դա խափանվեց»։
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Ես իմ գիտակցական կյանքում առաջին անգամ ընտրություններին չմասնակցեցի, որովհետեւ չկար ընտրություն։ Ընտրական համակարգն սպանեցին մինչեւ վերջ։ Լեգիտիմության միասին են խոսում մեր որոշ ընդդիմադիր ընկերներ։ Լեգիտիմ բառը նշանակում է օրինական։ Ցույց տվեք օրենսդրության մեջ մի կետ, որտեղ գրված է, որ վարչական ռեսուրսի օգտագործումն օրինական է, որ ընտրակաշառքի բաժանումը օրինական է, որ քրեական խմբավորումների մասնակցությունն ընտրական գործընթացներին օրինական է, որ մարդկանց ահաբեկելն օրինական է»,-ասաց նա՝ հավելելով, որ օրինական էին միայն 1991-ի նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրությունները, երբ «Միասնություն» դաշինքն առաջացավ։
Նշենք, որ «Ժառանգության» համագումարին ներկա են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, Ազատամարտիկներ եւ «Ժառանգության» անդամները։





























