Շենգավիթ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության ժամանակ Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին վերադարձնել նիստերի դահլիճ՝ տեխնիկական խոչընդոտներից խուսափելու համար:

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, սակայն, մերժեց միջնորդությունը, համարելով, որ այն անհիմն է, քանի որ ամբաստանյալները անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ եւ պատժվել են դրա համար:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանն այսօր՝ հունիսի 27-ին, հեռացվել են նիստերի դահլիճից. Սեֆիլյանը՝ 6 ժամով, իսկ Սաֆարյանը՝ 3 ժամով:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:  Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: