Կառավարության ծրագիրը ներկայացնելիս բաց է թողնվել նոր քաղաքական մշակույթ, ոճ ձեւավորելու հերթական հնարավորությունը։ Դա շատ վիրավորական է, քանի որ այժմ անցում է կատարվում կառավարման խորհրդարանական համակարգին։ Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը։

«Երբ լսում ես այնպիսի հայտարարություններ, ինչպես՝ «մեզ ինչ, որ դուք 300 հազար ձայն եք ստացել, մենք ձեզանից ավելի ենք ստացել», սկսում ես հասկանալ, որ նոր մշակույթ չկա եւ բոլոր այն մարդիկ, որոնք քվարկել են հօգուտ նոր քաղաքական ուժերի, հարգանքի չեն արժանացել», - ասաց նախկին ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ նման դիրքորոշումը վկայում է նախորդ տարիների մշակույթի պահպանման մասին, երբ նախագահական կառավարման համակարգի օրոք հաղթողը ստանում էր ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ։ Պողոսյանի կարծիքով՝ ստացվում է, որ դրանից ի վեր ոչինչ չին փոխվել, իսկ հայտարարությունները, որ փոքրամասնությունը եւս իր կարծիքը հայտնելու իրավունք կունենա, հեռու են իրականությունից։

Նախկին պատգամավորի համաձայն՝ Կառավարության ծրագրում ոչ մի նոր բան չասվեց, այդ պատճառով նա այն անվանեց «Հնարավորությունների ծրագիր»։

«Ես ելնում եմ այն բանից, որ ծրագիրը կազմվել է արտաքին դոնորների ներկայացրած նախագծերի հիման վրա։ Այսինքն՝ պարզապես հավաքել են բոլոր այդ ծրագրերն ու ներառել մեկի մեջ»,-հստակեցրեց փորձագետը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը 2015 թվականից չի կարող վարկեր ձեւակերպել եւ օգտվել վարկային միջոցներից։

Ըստ Թեւան Պողոսյանի՝ եթե նույնիսկ հայկական կողմը որեւէ մի ծրագիր իրականացնելու գաղափար ունենա, բայց անհրաժեշտ միջոցներ չլինեն, ապա ֆինանսական միջոցներ ստանալու համար ոչ մի տեղ չի կարող դիմել։