ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել հեռուստատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում գործող «Տելեմարկետ» ընկերության գործունեության վերաբերյալ:

ՏՄՊՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նույն շուկայում գործող երկու այլ ընկերություններ՝ «ԹիՎի Տոն» (Eurotvmarket ապրանքանիշ) եւ «Արմաբա» (TVtrade ապրանքանիշ) դժգոհում են վերջինիս վարքագծից՝ տեղեկացնելով, որ շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնող «Տելեմարկետը» խոչընդոտում է իրենց գործունեությանը:

Ըստ բողոքի, «ԹիՎի Տոն» եւ «Արմաբա» ընկերությունների կողմից ցանկացած ապրանք սպառողներին առաջարկելուց ժամեր անց «Տելեմարկետը» գովազդում է նույն ապրանքները՝ 50-70 տոկոս զեղչված արժեքով: Սակայն, երբ պատվիրատուները զանգահարում են, պարզվում է, որ տվյալ ապրանքը առկա չէ եւ հայտնի չէ, թե երբ առկա կլինի: Այսինքն, ակնհայտ է, որ, չունենալով գովազդվող տեսականին, «Տելեմարկետը» փորձում է պարզապես խոչընդոտել մյուս ընկերությունների գործունեությանը՝ ցույց տալով իբրեւ թե նրանց կողմից վաճառվող ապրանքներն իրականում հնարավոր է ձեռք բերել շատ ավելի ցածր գնով:

«ԹիՎի Տոնը» եւ «Արմաբան» բողոքում նշում են նաեւ, որ խաթարվում է իրենց բնականոն աշխատանքը եւ իրենք կորուստներ են կրում գնորդների թվաքանակի կրճատումից:

ՏՄՊՊՀ կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ նմանատիպ օրինակները բազմաթիվ են, երբ, չունենալով տվյալ ապրանքը, «Տելեմարկետը» չհիմնավորված ցածր գներով գովազդում է այն: Արդյունքում, որոշ գնորդներ գայթակղվելով, պատվեր են կատարում «Տելեմարկետ» ընկերությունից, իսկ որոշ ժամանակ անց ձգձգվող ժամկետների եւ անորոշության պատճառով հրաժարվում են՝ անվստահություն ձեւավորելով հեռուստագովազդի միջոցով վաճառվող ապրանքների հանդեպ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, բնականաբար, նույն գործունեությունն իրականացնող ընկերությունները իրավասու են վաճառելու միեւնույն տեսականին, սակայն պարտավոր են աշխատել բարեխիղճ մրցակցության պայմաններում: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում, «Տելեմարկետ» ընկերության կողմից որեւէ կերպ չի հիմնավորվել այն հանգամաքը, որ իրենք սպառողներին մշտապես տրամադրում են բացառապես հավաստի տեղեկատվություն՝ գների, կիրառվող զեղչերի, առաքման ժամկետների եւ այլ պայմանների վերաբերյալ:

Մրցակցային օրենսդրության խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար, «Տելեմարկետ» ընկերությունը ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում: