Համայնքներից ստացված ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկման շրջանակում «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից:
Վարչապետը կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն-մարզպետարան-համայնքներ եռաստիճան կառավարմանը: Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարեւոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը, բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը եւ իր լավ ու վատ լինելը», - ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջերս Ամերիկյան համալսարանում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ ՀՀ մարզպետերի համար, ինչը վկայում է այն մասին, որ համայնքային կառավարիչների հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի շարունակական: «Այդ առումով մենք որոշակի քայլեր ենք անում. անցած տարվա վերջ ձեւակերպել էինք, թե համայնքները զարգացման ինչպիսի ծրագրեր պետք է ներկայացնեն: Բոլոր համայնքներից ստացել ենք: Բացի դրանից, համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել եւ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, եւ որն ուղղակի անհրաժեշտ է», - նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, Շվեյցարիայի զարգացման գործակալությանը եւ մյուս գործընկերներին այս գործընթացում աջակցության եւ համագործակցության համար: Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել միջոցառման մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ այս քննարկումներն ու մտքերի փոխանակությունը նոր շունչ եւ մոտեցումներ կբերեն կառավարման ոլորտում:




























