Հաջորդ տարիներին ամռան շոգերն աստիճանաբար կմեղմանան. պատճառը Արաբական թերակղզու՝ Կովկաս ներթափանցող ջերմային ցիկլոնի ցիկլային բնույթն է: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ-ում ամռանը նկատվող նորմայից բարձր ջերմաստիճանը կապված է Արաբական թերակղզուց Կովկաս ներթափանցող ջերմայից ցիկլոնի հետ: «Ջերմային ցիկլոնի ակտիվացումը ցիկլիկ բնույթ է կրում՝ 25 տարի ակտիվանում է, ունենում է մի հատ պիկ, հետո նորից սկսում է նվազել: Նրա ակտիվացումը մեզ մոտ սկսվել է մոտ 1997-98 թթ.-ից, որից հետո ջերմային ալիքների թիվը վերջին մյուս 20 տարիների համեմատ մոտ 50 տոկոս ավելացել է: Այս տարվանից հետո կգնա դեպի նվազում, եկող ամառները աստիճանաբար կմեղմանան»,- ասաց օդերեւութաբանը: