Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վաղ թե ուշ կհամոզվեն, որ անհրաժեշտ է միասին գործել։ Եվ նրանք կկարողանան ունենալ աշխարհի ընդհանուր տեսլական, որը ցանկանում են ստեղծել ապագայում, երկխոսություն կծավալեն։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Նրա խոսքով՝ ի վերջո Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կհամոզվեն, որ անհրաժեշտ է միասին գործել։ Նա նշել է, որ «այժմ իհարկե կարող ենք դժգոհության մի շարք պատճառներ թվարկել, ժամանակակից տեխնոլոգիներն ազդեցություն են գործում տարբեր երկրների վրա»։
«Հարցն այն է՝ արդյո՞ք կգտնենք աշխարհի այնպիսի տեսլական, որը կցանկանանք ստեղծել ապագայում, արդյո՞ք կհանգենք այնպիսի երկխոսության, որը կցանկանանք շարունակել»,- ասել է Քիսինջերը՝ հավելելով, որ լավատեսորեն է նայում ապագային եւ կարծում է, որ նման հնարավորություն գոյություն ունի։
Նրա խոսքով՝ պետք է ելնել այն հանգամանքից, որ աշխարհը ձգտում է դեպի կառուցողական էվոլյուցիա, որի պարագայում ոչ մի երկիր ջանք չի գործադրի մեկ այլ երկրի գործունեությունը խաթարելու կամ նրան նկատմամբ գերիշխանություն ձեռք բերելու ուղղությամբ, այլ հակառակը՝ ջանքեր կգործադրի համագործակցություն ձեռք բերելու նպատակով։





























