Հայաստանի չգազիֆիկացված համայնքներին ջերմային էներգիայով ապահովելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը մշակել եւ սահմանված ժամկետում կառավարությանն է ներկայացրել առաջարկությունների փաթեթ՝ այլընտրանքային եղանակով խնդրի լուծման վերաբերյալ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խոսքը, մասնավորապես, արեւային ֆոտովոլտային պանելների եւ ջրատաքացուցիչների, պելետային կաթսաների կամ վառարանների կիրառման մասին է։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, իրականացված ուսումնասիրությունների եւ կատարված հաշվարկների հիման վրա յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ առաջարկություն։

«Նախապատվությունը տրվել է առաջին հերթին ջրատաքացուցիչների կիրառմանը։ Դա չգազիֆիկացված համայնքների մեծ մասի տաք ջրի խնդրի լուծման լավագույն եւ փոխշահավետ տարբերակն է»,-ասել է Հայկ Հարությունյանը։

Ջրատաքացուցիչների կիրառումն իհարկե միակ տարբերակը չէ։ Առանձին համայնքների համար հնարավոր է համարվում նաեւ գազիֆիկացման իրականացումը։ Այդ խնդիրը դիտարկվել է նաեւ Հայաստանի գազամատակարար ընկերության հետ:

«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ եւ լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված եւ պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,-նշել է Հայկ Հարությունյանը։