Հիվանդի մահվան մեջ մեղադրվող` Թալինի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Ցոլակ Խաչատրյանի գործով դատական նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են:
Դեռեւս դեկտեմբերին դատարան ուղարկված այս գործով ընդամենը մեկ նիստ է տեղի ունեցել, այն էլ՝ մարտի 13-ին, դրանից հետո ամիսը մեկ անգամ նշանակված նիստերը չեն կայացել:
Ըստ մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանը 2014թ. օգոստոսին վիրահատել է Սոֆյա Պողոսյանին: Վիրահատությունից կարճ ժամանակ անց կնոջ մոտ նկատվել է քաղցկեղի շարունակական աճ, ինչի հետեւանքով էլ 2015թ. մայիսին մահացել է:
Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Բժշկին սպառնում է ազատազրկում 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ցոլակ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:




























