Սպայական կոչում ստանալու համար 8 հարյուր ԱՄՆ դոլարով կեղծ դիպլոմ ձեռք բերելու մեջ մեղադրվող  եֆրեյտոր Գեղամ Բադալյանը տուգանվեց 200 հազար դրամով:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բադալյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում եւ միջնորդել է արագացված կարգով դատաքննությունն անցկացնել: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Գեղամ Բադալյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ տուգանվել 200 հազար դրամով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաքննությամբ պարզվել է, որ Բադալյանը դասակի հրամանատարի պաշտոն զբաղեցնելու և սպայական կոչում ստանալու համար անհրաժեշտ կրթական ցենզին համապատասխանելու նպատակով 2015թ. նոյեմբերին Երևանում գործով չպարզված անձից 800 ԱՄՆ դոլարով գնել է դիպլոմ, որի համաձայն, իբր ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և ստացել արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի աստիճան: Այնուհետեւ զինծառայողը դիպլոմի պատճենը ներկայացրել է ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետին, անցել որակավորում, հանձնել համապատասխան քննություններն ու ստացել լեյտենանտի կոչում: Դրանից հետո նա նշանակվել է նույն զորամասում՝ որպես ինժեներասակրավորային վաշտի ինժեներատեխնիկական դասակի հրամանատար: