Չկա այդ մարդը, նման քաղաքական գործիչ չկա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, իր տանը մամուլի կազմակերպած ասուլիսի ժամանակ նշել է Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել եւ թավշյա հեղափոխություն իրականացնել Հայաստանում:
«Քնից զարթնե՞ց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ընտրություններից առաջ այդ բոլորն ասվում էր եւ նա հիմնական խառնակիչն էր: Միայն ես չեմ դա ասում, «Ելք»-ից Գեւորգ Գորգիսյանը էլ ասաց՝ երբ մենք բանակցություններ էինք վարում, հիմնական խոչընդոտողը դու էիր, Րաֆֆի Հովհաննիսյան: Ի՞նչ միավորման մասին ես խոսում»,-ասաց Հայրիկյանը:
Նրա խոսքով, միավորվելու ամենալավ հնարավորությունը ԱԺ ընտրություններն էին. «Մենք ասել էիք, որ եթե կլինի համախմբման մեծ ճակատ, որին բոլորը կմասնակցեն, ապա մենք կմասնակցենք: Բոլորդ եք վկա, որ մենք մինչեւ վերջին օրը քայլ ենք արել այդ ուղղությամբ: Ինքը խաբեց մարդկանց, ինքը խաբեց նաեւ Սեյրան Օհանյանին եւ մյուսներին, թե ես հզոր ձայներ ունեմ, բայց անցողիկ ձայներն էլ չստացավ: Բայց ինձ համար նաեւ միայն անցողիկ ձայն հավաքելն էլ պարտություն է»:
Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ցանկացած ժողովրդավարական երկրում չէին ընդունի, անգամ փողոց դուրս գալ չէին թողնի:
«Արեւմտյան, քաղաքակիրթ կողմնորոշում ունեցող մարդը լուրջ կարո՞ղ է վերաբերվել մի մարդու, ով ցուցարարների հետ գնում է իշխանությունների հետ հանդիպման եւ իշխանության ներկայացուցիչը հարցնում է՝ լրագրողների ներկայությամբ խոսենք, թե առանձին, եւ այդ մարդն ասում է՝ առանձին: Աշխարհի ոչ մի դեմոկրատական երկրում այդ մարդը չէր համաձակվի փողոց դուրս գալ: Միայն Հայաստանում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ասաց՝ առանձին խոսենք եւ լրագրողներին դուրս քշեցին: Ես ոնց կարող եմ լուրջ վերաբերվել Պուտինից հաղթանակ բերող մարդուն: Որպես անձ, հնարավոր է, կարող նաեւ խնամիներ դառնանք՝ ինքն էլ երեխաներ ունի, ես էլ, բայց որպես քաղաքական գործիչ, ինչպես գերմանացիք են ասում՝ «նիխտ»: Չկա էդ մարդը, գոյություն չունի, չկա էդպիսի քաղաքական գործիչ», - ընդգծեց Հայրիկյանը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ամոթը լրիվ կորցնի իրեն մոտենալու համար:





























