ՀՀ կառավարությունը խոշորացված համայնքներին մեկ շնչի մասով միջին հաշվով հատկացրել է 65 դոլարի չափով գումար, որը հիմնականում հենց համայնքների առաջարկությամբ է ծախսվել այս կամ այն խնդիրը լուծելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցելության ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ներկայացրել է իրականացված աշխատանքների մասով ամփոփ տեղեկություն, արձանագրել, որ խոշորացված համայնքներում արդյունքները տեսանելի են. տրամադրվել են տեխնիկական միջոցներ, ջրագծեր են կառուցվել, համայնքային ճանապարհներ են վերանորոգվել, զարգացման ծրագրեր իրականացվել եւ այլն:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է վարչատարածքային բարեփոխումների մասին օրենքի վերջին փոփոխությունների նախագիծը եւ մենք նոյեմբերի 5-ին պետք է գնանք ընտրությունների: Համայնքներում տնտեսական ծրագրեր բերելու ժամանակն է: Մինչեւ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները յուրաքանչյուր համայնքի համար պետք է նախապատրաստենք ծրագիր եւ հետո շատ արագ դնենք գործածության մեջ: Կարծում եմ, միասին մենք կարողանալու ենք մեկ թիմ դառնալ, ներդրումային ծրագրեր բերել, իսկ պետությունն էլ կանգնելու է խոշորացված համայնքների կողքին»,-ասել է Դ. Լոքյանը: Նա կարեւորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցը եւ հանձնարարել համայնքապետերին ուշադրության տակ պահել հարցը, հավելել, որ կառավարության կողմից առավել օժանդակության կարժանան այն համայնքները, որոնք լավագույն ցուցանիշները կունենան:





























