Թուրքիայի ֆինանսների նախարարությունը տուգանել է թուրքական հսկա «Դողան գրուպին» 3.7 միլիարդ լիրա, ( 2 միլիարդ ԱՄՆ դոլար) կապված հարկային պարտավորությունների խախտումների հետ։ Այս լուրը ստանալուն պես թուրքական ֆոնդային բորսայում կտրուկ արժեզրկվել են այդ հոլդինգի մեջ մտնող ընկերությունների բաժնետոմսերը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
NEWS.am-ը հիշեցնում է, որ «Դողան գրուպ»-ը Թուրքիայի ամենամեծ հոլդինգներից մեկն է, որի հիմնադիրն է Այդըն Դողանը։ Այդըն Դողանը առաջին իր ընկերությունը ստեղծել է 1961 թվականին։ Այնուհետ նրա բիզնեսը զարգացել է եւ ընդգրկել տարբեր ոլորտներ։ 1979 թվականին, գնելով թուրքական Milliyet թերթը, «Դողան գրուպ»-ը մտավ նաեւ մամուլի ոլորտ։ Իսկ արդեն 1994 թվականին գնեց Hurriyet թերթը։ «Դողան գրուպ»-ի մեջ երկու խոշոր հոլդինգ է ընդգրկված՝ «Դողան» ընկերությունների հոլդինգ եւ «Դողան» մեդիա հոլդինգ։ Միայն 2004 թվականին «Դողան գրուպ»-ի մաքուր շահույթը կազմել է մոտ 6 միլիարդ ԱՄՆ դոլար։




























