ՀՀ կառավարությունը հուլիսի 6-ի նիստում հավանության արժանացրեց 2017-2025 թվականների մարզերի զարգացման ռազմավարությունը։
Որոշման նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրի ընդունումը պայմանավորված է Հայաստանի մարզերի մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
2017-2025 թվականներին Հայաստանի մարզերի զարգացման ռազմավարության հիմնական նպատակը զբաղվածության աճն է, մարդկային կապիտալի զարգացումն ու մարզերի մրցունակության բարձրացումը։
Ռազմավարության իրականացման պարագայում մրցունակության բարձրացում է ակնկալվում, իրականացվող ծրագրերի զուգադրում՝ տարածքային զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ Եվրամիության կողմից բյուջետային օժանդակության հնարավորություն։
«Այդ փաստաթուղթը պետք է աշխատանքային դառնա։ Մենք կառանձնացնենք թույլ կողմերը, առավելություններն ու հնարավորությունը։ Փաստաթուղթը տարեցտարի կադապտացվի»,- ընդգծեց վարչապետ Կարեն Կարապետյանը։





























