Հայաստանում 4 տոկոսի գնաճը ճիշտ հիմքեր է ստեղծում ամբողջ տնտեսության մեջ ռեսուրսների վերաբաշխման համար, որպեսզի տնտեսական աճը չկանգնի: Այս մասին հուլիսի 6-ին` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ի պատասխան հարցին` Հայաստանում գնաճը որքանո՞վ է հիմնավորված, նախարարը նշեց, որ անցյալ տարի դեֆլյացիա է եղել: «Ես արդեն նշել եմ, որ մենք համաձայն ենք Կենտրոնական բանկի այն դիտարկումներին, թե դեֆլյացիայի պատճառներից մեկը համաշխարհային շուկայում հումքային եւ պարենային մթերքների դեֆլյացիայի ներթափանցումն է մեր տնտեսության մեջ: Ակնհայտ է, որ սա այս տարի պետք է վերականգնվի, քանի որ դեֆլյացիոն միջավայրից հետո, եթե ներքին պահանջարկն աճում է եւ դրական միտումներ կան, բնական է, որ գները պետք է վերականգնվեն: Առաջին 5 ամիսներին մենք արդեն ունենք 1,6 տոկոս դեֆլյացիայով 12-ամսյա միջավայր: Այնպիսի տնտեսության համար, ինչպիսին մերն է, պատահական չէ, որ ընտրվել է 4 տոկոսի թիրախը: 4 տոկոսով գնաճը այն գնաճն է, որն ամբողջ տնտեսության մեջ ռեսուրսների վերաբաշխման ճիշտ հիմքեր է ստեղծում, որպեսզի տնտեսական աճը չկանգնի»,- ընդգծեց Վարդան Արամյանը:





























