Հայաստանի պետական պարտատոմսերի պարտքային տոկոսները 3,5-5,5 տոկոսով նվազել են: Այս մասին հուլիսի 6-ին` ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ելույթ ունենալով ԿԲ-ի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հաշվետվության քննարկմանը:
Նրա խոսքով` վերջին շրջանում Ֆինանսների նախարարության պարտատոմսերի տոկոսները մեծապես նվազել են. կարճաժամկետների համար` 5 տոկոսով, միջնաժամկետների` 5,5 տոկոսով, երկարաժամկետների` 3,5 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ պետությունը ստիպված կլինի դրանցով ավելի քիչ տոկոսներ վճարել: Վերջերս Ֆինանսների նախարարությունը թողարկեց երկարաժամկետ` 30 տարով պարտատոմսեր, եւ դրանց պահանջարկը, պարզվեց, բավականին զգալի է:
2016 թվականին պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը 13,99 տոկոսից նվազել է մինչեւ 13,15 տոկոս: Շրջանառության մեջ պետական պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 508,3 մլրդ դրամ (2015-ին` 320,8 մլրդ):





























