Հուլիսի 4-ի դրությամբ չսահմանված վայրերում աղբ թափելու 1296 դեպք է արձանագրվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին նման հայտարարություն է արել ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը:
«Արձանագրվել է չսահմանված վայրերում աղբ թափող՝ 624 անձ, 340 միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ, եւ ուղարկված միջնորդագրերից ընթացքի մեջ են 199-ը»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներ են իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
«Հաշվի առնելով այն, որ հիմա հանգստի ժամանակահատված է, ոստիկանության կողմից ուժերը հիմնականում կենտրոնացվել են այն վայրերի վրա, որտեղ քաղաքացիներն անցկացնում են իրենց հանգիստը»,- ընդգծել է Սամվել Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին փորձում է կարգավորվել շինանյութ տանող բեռնատարների հարցը, որպեսզի փոխադրվող շինանյութը փակված լինի:
Մարզպետարանների պատասխանատուները եւ տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ներկայացրել են ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, առաջարկություններով հանդես եկել: Նշվել է, որ ակտիվ նախապատրաստվում են հուլիսի 29-ին նախատեսված 2-րդ համապետական շաբաթօրյակին:
Կարեւորվել է ամառային հանգստի ակտիվ այս շրջանում հանգստյան գոտիների մաքրման աշխատանքներն ակտիվացնելը:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետեւյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն:
Կառավարության նախորդ նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարել էր օժանդել «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացմանը:





























