Համբուրգի ոստիկանությունը չի հաստատել լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, որ ցուցարարները փորձել են հարձակվել հյուրանոցի վրա, որտեղ իջեւանել են G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Համբուրգ ժամանած Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ եւ մի շարք այլ պատվիրակություններ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոստիկանության պաշտոնական ներկայացուցչին։
Ավելի վաղ գերմանական Bild պարբերականը հաղորդել էր «Փարք Հայաթ» հյուրանոցի անվտանգության աշխատակիցների վրա հարձակման մասին։ «Մենք չենք կարող դա հաստատել»,- ասել է ոստիկանության աշխատակիցը՝ հավելելով, որ իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունենում ամբողջ քաղաքում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւս նշել է, որ ռուսական կողմին չեն ծանուցել հյուրանոցում որեւէ միջադեպի մասին։
Այդ հյուրանոցում իջեւանել են նաեւ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինն ու Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը։





























