Ադրբեջանում ռեժիմը ժառանգաբար փոխանցվող միապետություն է, եւ այն չի կարելի համեմատել Լեռնային Ղարաբաղի իշխանության հետ: Այս մասին հուլիսի 7-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը նշեց, որ ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առաջիկայում նախատեսված նախագահական ընտրությունները, ըստ էության, ընտրություններ են, այլ ոչ թե իշխանության փոխանցում, ինչպես տեղի է ունենում Բաքվում: «Ադրբեջանում արդեն վաղուց ի վեր նման ոչ մի բան տեղի չի ունենում: Այնտեղ օրենք է ընդունվել, որը շատ տիպական է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին: Պարոն Ալիեւը այնքան կկառավարի, որքան ինքը կցանկանա, կամ եթե նրան իր ընտանիքը թույլ տա»,- արձանագրեց Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` Իլհամ Ալիեւը իշխանությունից կարող է հեռացվել միայն սոցիալական պայթյունի հետեւանքով, որն ընդունակ կլինի երկրում իշխանափոխություն կատարել: Իսկ ահա Ադրբեջանում ընտրությունների ճանապարհով իշխանափոխություն պատկերացնելը գործնականում անհնար է: «Քաղաքագիտության տեսանկյունից Ադրբեջանը վաղուց արդեն Կովկաս չէ: Գուցե Կենտրոնական Ասիայի ոչ ամենախիստ տարբերակը: Սա դեռեւս Թորքմենստան չէ, սակայն միանգամայն կարելի է համեմատել Ուզբեկստանի նման ռեժիմի հետ»,- եզրափակեց Կովկաս ինստիտուտի տնօրենը: