Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ 2018–ին Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ։Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։
«Վարչապետի փոփոխությունը այս պահին ակտուալ չեմ համարում։ Դա քաղաքական մեծամասնության խնդիրն է։ Կառավարության ծրագրի իրականացման կրողը քաղաքական մեծամասնությունն է, անձերից վերանանք, ինքը կգտնի՝ ով կլինի։ Ես չեմ տեսնում որեւէ խնդիր, որ Սերժ Սարգսյանը 2018–ից լինի վարչապետ»։
Իշխնափոխության երբեմնի ջատագով Միքայել Մելքումյանը կենսունակ չի համարում իշխանության դեմ համախմբվող քաղաքական միավումներին։ «Բոլոր տիպի միավորումները պետք է կենսունակ լինեն, 25 տարվա ընթացքում չկա պայման փողոցից իշխանության գալու, ընտրություններն են այդ ճանապարհը»։
Ընդդիմադիր դաշինքի պատգամավորը վստահ է, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն չի կարող լինել։ Իսկ «Ծառուկյան» դաշինքին ուղղված մեղադրանքներին, թե կառավարելի են եւ օրենսդրական գործունեությամբ մոտ են իշխանությանը, հակադարձեց այս հարցադրմամբ. «Իսկ ի՞նչ պիտի անենք, ասենք՝ ռեժիմ հեռացի՞ր։ Ընդդիմությունը կենսունակ է, իր տեղում է, պատկառելի ձայն է ստացել, 105 տեղի մեջ 40 ձայն մերն է»։
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն պնդմանը, որ իշխանությունը թիկունքում չի զգում ընդդիմության շունչը,պատկառելի քանակով ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն ընդամենը արձագանքեց լիաթոք ծիծաղով։





























