2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմին վերաբերող WikiLeaks-ի հրապարակումներում չկա որեւէ բան, որ կարող էր արմատապես փոխել իրադարձությունների պատկերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքով, մեկ հաղորդագրությունը չի կարող հիմք լինել:

«Հաղորդագրության մեջ նշվում է, որ վրացի զինվորականները կրակ են բացել Ցխինվալի վրա, սակայն խաղաղ բնակիչների ցբացի այնտեղ նաեւ աշխարհազորայիններ ու անօրինական խմբավորումներ են եղել եւ այդ գոտիում մշտապես փոխհրաձգություն է եղել: Ես չեմ ընդունում Վրաստանի իշխանությունների վարկածն ամբողջությամբ, սակայն տվյալ դեպքում ամեն ինչ բերվում է այն բանին, թե ով է առաջինը կրակել մեծ թնդանոթից: Տալյավինիի զեկույցում ասվում է, որ առաջինը Վրաստանն է կրակ բացել, սակայն միեւնույն ժամանակ նշվում է, որ դա ոչ թե սկբնապատճառ է եղել, այլ` կուլմինացիան», - հայտարարեց փորձագետը` նշելով, որ հակամարտությունը վաղուց էր սկսվել, եւ մի շարք իրադարձություններ բերեցին ողբերգական հանգուցալուծման, իսկ Վրաստանում ԱՄՆ դեսպանի զեկույցում սկզբունքորեն ոչ մի նոր բան չկա:

Անդրադառնալով WikiLeaks-ի հրապարակումների փաստին`Աբաշիձեն բացասական արտահայտվեց: «Դրան կհաջորդեն դիվանագիտական սկանդալներ եւ բախումներ. ոչ մի լավ բան չեմ տեսնում»:

Նշենք, որ WikiLeaks-ի հրապարակման համաձայն, ամերիկացի դիվանագետները դեռեւս 2008թ. օգոստոսի 8-ի նախօրեին գիտեին Հարավային Օսիայի վրա Վրաստանի սպասվող հարձակման մասին: Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Թեֆթի օգոստոսի 7-ի զեկույցում նշվում է, որ մարտերը Հյուսիսային Օսիայում սկսվել են նախօրեին: Թեֆթը ԱՄՆ Պետքարտուղարությանը տեղեկացնում է, որ Թբիլիսիից երկրի հյուսիս է շարժվում համազգեստով մարդկանցով լի 30 ավտոբուսների շարասյուն: Բերվում են նաեւ այլ տվյալներ, որ Վրաստանը ձգտում է մեծացնել ռազմական ներկայությունը հակամարտության գոտիում:

Հաջորդ օրը Թեֆթը, հղում անելով ԵԱՀԿ դիտորդներին, հաղորդում է, որ վրացական զորքերը գնդակոծել են Ցխինվալը, չնայած կրակի միակողմանի դադարեցման մասինը օգոստոսի 7-ի երեկոյան արած Սահակաշվիլիի հայտարարությանը, գրում է Gazeta.ru-ն: