2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի անգամ ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը առավել հետեւողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ: Հանձնաժողովը պարբերաբար  դիտանցումներ է իրականացնում Երեւան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով»,-նշել է նա։

Շաբոյանի խոսքով, ամփոփելով մոինթորինգի արդյունքները, կարելի է արձանագրել, որ  2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաեւ, որ առավել լայն սպառում ունի հենց հատկապես չփաթեթավորված շաքարավազը»:

«Միաժամանակ, շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաեւ ներկրողների թիվը: Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռեւս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի  ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը: