Զանգվածային անկարգություններից հետո, որոնք կազմակերպել էին խուլիգանական տարրերը Համբուրգում, G20-ի գագաթնաժողովի ընթացքում, Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասը առաջարկել է ծայրահեղականների տվյալների համաեվրոպական բանկ ստեղծել։ 

«G20-ի գագաթնաժողովը ցույց տվեց, որ Եվրոպան ծայրահեղականների մասին բավարար տվյալների բազա չունի», - Bild պարբերականի հետ զրույցում ասել է նա։ Նա նաեւ խոստացել է ծայրահեղականներին հետեւելու համար ավելի շատ միջոցներ հատկացնել։ 

Համբուրգի անկարգություններին ծայրահեղականներ են մասնակցել ոչ միայն Գերմանիայից, այլեւ Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից եւ այլ եվրոպական երկրներից։

«Հենց այդ պատճառով տվյալների բազա է անհրաժեշտ, որը կկարողանան օգտագործել բոլոր երկրները։ Դա իշխանություններին թույլ կտա նման դեպքերում ավելի լավ կողմնորոշվել եւ նման մարդկանց կանգնեցնել սահմանին»,-ասել է արդարադատության նախարարը։

Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ընթացքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Ծայրահեղականների դեմ պայքարում շուրջ 500 իրավապահ է վնասվածք ստացել։