Մոսուլից հեռացած ԻՊ-ի զինյալները կարող են Աֆղանստանում տեղակայվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ քաղաքում տիրող իրական իրավիճակի մասին տեղեկությունները քիչ են, եւ ճշմարիտ տեղեկատվություն կարելի է ակնկալել միայն ռուսական, իրանական, թուրքական լրատվամիջոցներից եւ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքից:

«Արեւմտյան լրատվամիջոցները փորձում են թաքցնել տեղեկությունները: Ինչպես արվեց քիմիական հարձակման ժամանակ»,- հիշեցրեց փորձագետը՝ ընդգծելով, որ Մոսուլում իսկական մարդասիրական աղետ է:

Պատասխանելով հարցին՝ ո՞ւր կփորձեն փոխադրվել ԻՊ-ի զինյալները, փորձագետը հիշեցրեց, որ նրանց համար նախապես բաց էր դեպի Սիրիա տանող միջանցքը: Բացի այդ՝ ԻՊ-ի առաջնորդները հայտարարել էին նոր մակարդակի անցման հնարավորության՝ աշխարհի քաղաքներում ահաբեկչություններ կազմակերպելու մասին: Նաեւ չի կարելի բացառել Աֆղանստանում տեղակայվելու տարբերակը: «Այլ հարց է, թե ինչպես դա կհաջողվի: Հնարավորություն կգտնեն»,- նշեց Կարինե Գեւորգյանը: