Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հիացմունքով է խոսել WikiLeaks կայքի թիմի մասին: Չավեսը հայտարարել է, որ կայքն ամբողջ աշխարհին ցույց տվեց ԱՄՆ-ի «իսկական դեմքը» եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմքը: Չավեսի խոսքով, աշխարհը տեսավ «կայսրությունն առանց պճնանքի»:
«Տիկին, Դուք պետք է լքեք ձեր պաշտոնը: Դա նվազագույնն է, ինչ կարող եք անել», - Քլինթոնին հորդորել է Չավեսը:
«Նրանք չեն հարգում նույնիսկ իրենց դաշնակիցներին», - Վենեսուելայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Չավեսը` արտահայտելով զարմանք ու հիացմունք:
Հիլարի Քլինթոնի առաջարկին, թե «անհրաժեշտ է հետազոտել Արգենտինայի նախագահի հոգեկան վիճակը» Չավեսը պատասխանել է նույնով` խորհուրդ տալով Քլինթոնին սեփական հոգեկան վիճակը ստուգել: Չավեսը հայտարարել է, որ իր «վիզուալ ախտորոշմամբ», պետքարտուղարն ինքն իրեն ավելի նշանակալի դեմք է համարում, քան երկրի նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Korrespondent.net-ը:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնիսկ ներողություն էր հայտնել Թուրքիայի հետ կապված դիվանագիտական տեղեկությունների արտահոսքի համար:





























