Գյուղատնտեսական տեխնիկայի մատչելի լիզինգի պետական ծրագրով գյուղացիները եւ գյուղացիական տնտեսություններն արդեն 23 տրակտոր են ձեռք բերել: Այս մասին հուլիսի 10-ին` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով` լիզինգի 9 տոկոս տոկոսադրույքից գյուղացին վճարում է ընդամենը 2 տոկոսը, մնացյալը պետությունն է սուբսիդավորում: Նախագիծը մարտին է սկսվել` դիզվառելիքի եւ պարարտանյութերի սուբսիդավորման խնայման հաշվին: Ոչ միայն տրակտորների եւ կոմբայնների պահանջարկ կա, այլ նաեւ փոքր տեխնիկայի: «Եթե տեսնենք, որ այն ավելի շատ են ցանկանում ձեռք բերել, կավելացնենք արտադրության նաեւ այլ միջոցներ, օրինակ` չրերի համար չորանոցներ»,- նշեց նախարարը: Մատակարարումների աշխարհագրությունը բազմազան է` գնված տրակտորների թվում կան «Բելառուս» եւ John Deere, երկրի հարցում սահմանափակումներ չկան նաեւ այլ տեխնիկայի դեպքում, հավելեց նա:




























