Ոռոգման նպատակներով Սեւանա լճից 100 խորանարդ մետր հավելյալ ջրառի մասին որոշումը ընդունվել է Սեւանի մասին օրենքը խախտելով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, բնապահպան–իրավաբան Նազելի Վարդանյանը։
«Խախտվել է Սեւանի մասին օրենքը, առաջինը այն, որ անընդհատ պետք է ծրագրեր իրականացվեն Սեւանի մակարդակը բարձրացնելու համար, երկրորդ՝ Սեւանի հաշվեկշիռը չպետք է բացասական լինի, երրորդ՝ պետք է գերակայությունը տրվի կենսաբազմազանությանը, որը արդեն չկա, չորրորդ՝ Սեւանի հետ իրականացվող բոլոր ծրագրերը պետք է անցնեն փորձաքննություն ինչպես բնապահպանների, այնպես էլ Ակադելիայում ստեղծված Սեւանի հատուկ հանձնաժողովում»,– ասաց բնապահպանը՝ հավելելով, որ որոշման մեջ ոչ մի խոսք չկա գյուղացիների մասին։
«Անվճար ջուրը վերցնում են, թանկ գներով վաճառում գյուղացուն։ Ո՞վ է հարցնում՝ գյուղացուն ինչքա՞ն ջուր է պետք, ի՞նչ բուսատեսակներ ունի, քանի՞ անգամ պիտի ջրի, ինչքա՞ն ջուր է պետք, չկա ոչ մի ուսումնասիրություն եւ հիմնավորում»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով, Կառավարությունը որոշումը հիմնավորելու նպատակով անգամ թվերն է խեղաթյուրել։ «Հիմնավորում են, թե 4,59 մետր բարձրացել է, կա 6 մլրդ խմ բարձրացում, եւ կարելի է հավելյալ ջրառ իրականացնել, սակայն իրենց հաշվարկներում 54 սմ բարձր են ցույց տվել, որը 702 մլն խմ է կազմում։ 54 սմ-ն առաջացել է թվերի մանիպուլյացիայից, դա ոչ թե մակարդակն է բարձրացել, այլ թղթի վրա փոխվել է 20 սմ–ով, որը կապված է ընդհանուր քարտեզագրման եւ գեոդեզիայի հետ»,– ասաց Վարդանյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԱԺ-ն ընդունել է Սեւանա լջից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, այս տարվա ընթացքում Սեւանա լճից ջրառը կհասնի 270 մլն խմ-ի:





























