Էներգախնայողությունը խթանող օրենսդրության ոլորտում Հայաստանն առաջ է անցել անգամ ԵՄ մի շարք երկրներից: Այս մասին հուլիսի 10-ին, Քիշինեւում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են էներգարդյունավետության եւ էներգախնայողության խթանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծվել է դրանց դերը էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման գործում։
Աշոտ Մանուկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է էներգարդյունավետության եւ էներգախնայողության բնագավառներում Հայաստանի ձեռբերումներն ու նախատեսվող քայլերը։
Անդրադառնալով Արեւելյան Գործընկերության անդամ երկրներում էներգախնայողությունը խթանող օրենսդրությունների մշակման եւ ներդրման գործընթացին՝ Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչն ընդգծել է հատկապես Հայաստանի օրենսդրական դաշտի առավելությունները։ Արձանագրվել է, որ Հայաստանն այս ասպարեզում առաջ է անցել անգամ Եվրամիության անդամ մի շարք երկրներից:
Միջոցառման շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։




























