Ադրբեջանական արկակոծության հետեւանքով հուլիսի 7-ին բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից 2-ը տեղափոխվել են Երեւան՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

NEWS.am-ին Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը հայտնեց, որ վիրավորներից Ռոբերտ Գասպարյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է դրական դինամիկայով, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

«Մյուս զինծառայողը՝ Վահե Բադալյանը, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը բավարար է: Երրորդ զինծառայողը գտնվում է Ստեփանակերտում, նա նույնպես նորմալ վիճակում է»,- ասաց Կամավոր Խաչատրյանը:

Ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 եւ Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):