Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը երկկողմ չէ։ Դա Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների «կիսապաշտոնական» հանդիպում է, որտեղ ծրագրվում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։
Իգիթյանը կարծում է, որ հանդիպման միակ քննարկվող թեման կլինի շփման գծում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դադարեցնելը, քանի որ անհնար է լարվածության պայմաններում շարունակել բանակցային գործընթացը։ Նա նշեց, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է միջազգային ասպարեզում Ադրբեջանին հակազդելու համար անհրաժեշտ ֆոն ստեղծի։
«Այնպիսի զգացողություն է, որ Ադրբեջանը հարձակվում է, իսկ մենք պաշտպանվում ենք բոլոր ուղղություններով եւ վարանում ենք հարցեր բարձրացնել»,- հստակեցրեց Իգիթյանը՝ հավելելով, որ երբ Հայաստանը մուտք էր գործում ԵԱՀԿ, Հայաստանի իշխանությունները մատնանշել էին անվտանգությունն ապահովելու գործոնը։





























