ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր որդու` Դոնալդ Թրամփ կրտսերի հանդիպումը ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ, որից նա հույս ուներ Հիլարի Քլինթոնին անվանարկող նյութեր ստանալ, փոխանցում է Gazeta-ն:
«Որդիս` Դոնալդը, երեկ երեկոյան իր խնդիրը լավ է կատարել: Նա հրապարակային էր, թափանցիկ եւ անմեղ: Սա քաղաքական պատմության մեջ վհուկների մեծագույն որս է: Տխուր է»,- իր «Թվիթերում» գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել է, որ Դոնալդ Թրամփ կրտսերը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ նախընտրական շտաբի նախագահ Փոլ Մանաֆորթը 2016 թվականի հունիսի 9-ին հանդիպել են ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ: Ըստ որում` մինչ այս հանդիպման մասին հայտնի չէր:
Դոնալդ Թրամփ կրտսերը հայտնել է, որ հորը չի հայտնել Վեսելնիցկայայի հետ իր հանդիպման մասին, որից հույս ուներ Հիլարի Քլինթոնին անվանարկող նյութեր ստանալ:





























