ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չի կարող ասել, թե որքան գումար է հարկավոր «Հյուսիս-Հարավ» մայրուղին ամբողջությամբ կառուցելու համար: «Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն, եւ մրցույթների արդյունքներից հետո նոր կարող են թիվ հայտարարել»,-այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է նախարարը:
Այդ ծրագրի իրականացման ընթացքում փողերի փոշիացման եւ լվացմանը վերաբերող հարցին էլ արձագանքեց. «Իմ գնահատականով՝ գումար չի լվացվել։ Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, եւ ես այդպիսի բան չեմ տեսնում»։
Նախարարը տեղեկացրեց, որ «Հյուսիս-Հարավա» նախագծի Գյումրի-Երեւան հատվածի շինարարությունը կավարտվի 2019 թվականի ամռանը։





























