Ադրբեջանը շարունակում է զենք գնել՝ բանակցային գործընթացում այն որպես շանտաժի միջոց օգտագործելով։ Այս մասին հուլիսի 13-ին հայտարարեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

Նրա կարծիքով՝ շատ ավելի ազնիվ կլիներ, եթե բանակցային գործընթացի կողմերն առհասարակ հրաժարվեին բանակցություններ վարելուց։

«Բանակցություներ վարելով՝ կողմերը ցանկանում են իրենց մեծահոգությունը ցույց տալ։ Բայց դրանից ոչ մի օգուտ չկա։ Նրանք կարող են հանդիպել ամեն օր, բայց արդյունքներ չեն լինի, քանի որ քննարկման թեմաներ չկան»,-հստակեցրեց Զոլյանը։

Նա նշեց, որ շփման գծում հայկական կողմից պատասխան պատժիչ միջոցներն անհրաժեշտ արդյունքը չեն տալիս, քանի որ Ադրբեջանում մարդկային կյանքը ոչինչ չարժե եւ հատկապես այն պարագայում, երբ խոսքը ազգային փոքրամասնությունների կյանքին է վերաբերում։

 «Մեր պատժիչ գործողությունները չեն կարողանում իրենց նպատակներին հասնել, իսկ Ադրբեջանն, իր հերթին, կշարունակի սրել դրությունը։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ իրականում ինչ է տեղի ունենում, այլ ոչ թե աշխատենք Ալիեւին անարգանքի սյունին գամել»,- ասաց Սուրեն Զոլյանը։