ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։ Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել է նաեւ 64-ամյա կնոջ դուստրն իր անչափահաս երեխաների հետ։

Գտնվելով ֆինանսապես անբարենպաստ վիճակում եւ չկարողանալով հոգալ բնակարանի ծախսերը՝ տանտիրուհին իր դստեր հետ միասին առաջարկել է իրենց տանը բնակություն հաստատած ամուսնալուծված կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ։

Նախաքննության տվյալներով՝ ստանալով համաձայնությունը՝ ավելի քան մեկ տարի մայր ու աղջիկ նպաստել են ամուսնալուծված կնոջ պոռնկությամբ զբաղվելուն՝ այդ նպատակի համար տրամադրելով կացարան եւ ապահովելով հաճախորդներով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 64-ամյա կնոջը եւ վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: