Հանրապետական Փիթեր Սմիթը, որը Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստից ջնջված 33 հազար նամակների փաստով անկախ հետաքննություն էր անցկացնում, Մինեսոթայի նահանգի հյուրանոցային համարում ինքնասպան է եղել, հայտնում է Chicago Tribune պարբերականը:
Մայիսի 14-ին 81-ամյա Սմիթին գտել են Rochester հյուրանոցի համարում, հայտնաբերվել է փաստաթղթերի կույտ, ինչպես նաեւ մահվանից առաջ գրված գրություն: Սմիթը գրել է առողջական վիճակի վատթարացման եւ այն մասին, որ իր կյանքի 5 մլն դոլարի ապահովագրության ժամկետը ավարտվելուն մոտ է: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Street Journal պարբերականի հետ Սմիթի հարցազրույցից 10 օր հետո:
Պարբերականի տեղեկություններով` Սմիթն ապրել է այն հյուրանոցում, որտեղ սովորաբար իջեւանում են Mayo բժշկական կլինիկայի այցելուները: Սմիթի նախկին ենթականերից մեկի կարծիքով` նա կլինիկայում բուժվել է սրտի հիվանդությունից: Բուժհաստատության ներկայացուցիչը, սակայն, չի հաստատել, որ Փիթեր Սմիթը եղել է իրենց հիվանդը` վկայակոչելով բժշկական գաղտնիքը:
Մահվանից մեկ օր առաջ Սմիթն իր բլոգում երկու գրառում է հրապարակել: Մեկում նա վիճարկել է ԱՄՆ 2016 թվականի ընտրություններին ՌԴ միջամտության վերաբերյալ հատուկ ծառայությունների եզրակացությունները: Եկրորդում Սմիթը գրել է, որ ՌԴ «միջամտության» թեման կբացառվի, հենց ուշադրությունը կենտրոնանա արտաքին քաղաքականության հարցերի վրա: Նրա կարծիքով` դա պետք է տեղի ունենա մոտ ապագայում:



























