Քրեակատարողական հիմնարկներում տրվող սննդի խնդիրը միայն չափաբաժնի նվազեցումը չէ, նաեւ որակի հարցն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածներին տրամադրվող սննդի չափը նվազեցվել է։ Տրամադրվող հացի քաշը 600 գրամից նվազեցվել է 500 գրամի։
«Կրճատվել է ոչ միայն սննդի քանակը, այլ նաեւ կալորիականությունը։ Հիմնավորումները չենք կարողանում հասկանալ։ Խնդիրն այն է, որ ճաշատեսակներ կան՝ ամեն օր կրկնվում են, մեր այցելությունների ընթացքում ճաշացանկը ամեն օր նայում էինք, կար քրեակատարողական հիմնարկ, որտեղ ամեն օր շոգեխաշված թթու էր, կամ մակարոն եւ կարտոֆիլ, հասկանալի է, որ ձեւականորեն կարող են ասել՝ կալորիան պահպանում են, բայզ սննդի բազամազանություն չկա»,–ասել է Ռոբերտ Ռեւազյանը։
Նրա խոսքով՝ ՔԿՀ–ներում պատրաստում են այն, ինչ ձեռքի տակ լինում է։
«Դիետիկ սնունդը դուրս է մղված, չի էլ եղել։ Շատ կարեւոր է շաքարային դիաբետով տառապողները դիետիկ սնվելու հնարավորությունը։ Տարբեր ՔԿՀ–ներում հարաբերական է սննդի հարցը։ Գորիս ՔԿՀ–ում սննդի հետ կապված որեւէ բողոք չի եղել։ Արմավիրում համեմատության մեջ էլի համեմատաբար ավելի լավ են սնվել՝ բացի հացի չափաբաժինը պակասեցնելուց»։
Դիտորդական առաքելություն իրականցնող Ռոբերտ Ռեւազյանի դիտարկմամբ՝ հատկապես հացի չափաբաժնի նվազեցումը արդարացված չէ այն առումով, որ հացի պահանջարկն ամեն դեպքում կար ՔԿՀ–ներում՝ անկախ հանձնուքներից։ Այսինքն՝ եթե նույնիսկ մի մասը հրաժարվում է կալանավայրի սննդից եւ հանձնուքով է բավարարվում, ապա գոնե հացը վերցնում է։
«Դատապարտյալներից շատերը տնից հանձնուք են ստանում եւ ամեն դեպքում հացը վերցնում էին հիմնարկից, եւ գոնե սա պետք է չկրճատվեր։ Խնդիրն այն չէ՝ ինչքան պետք է ստանան, այլ պետք է սննդի բազմազանություն ապահովվի, օգտագործման եղանակը վերանայվի։ Պատրաստման որակի հարցը պետք է նայենք ու հասկանանք, որ այն ուտելու լինի։Մարդիկ կան՝ ասում են յուղի քանակով պայմանավորված այտուցներ են առաջանում»,–մանրամասնել է Ռոբերտ Ռեւազյանը։




























