Քաղաքական գործունեություն չեմ իրականացրել, մոտակա ժամանակներս չեմ պատրաստվում իրականացնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Դիտարկմանը, թե՝ կար ժամանակ, երբ Արցախում ընդդիմության ներկայացուցիչն ընտրվում էր Ստեփանակերտի քաղաքապետ, իսկ հիմա Սահմանադրություններ են փոխվում, որպեսզի նախագահի պաշտոնավարումը երկարաձգվի, սա չի՞ խանագրում եվրոպական քաղաքակրթության մաս դառնալուն, Մելիքյանը պատասխանեց. «Ձեր հարցը քաղաքական բովանդակություն ունի, իսկ մարդու իրավունքների տեսանկյունից որեւէ նշանակություն չունի քաղաքական համակարգը: Մարդու իրավունքները նույն ստանդարտը կարող են ունենալ թե՛ նախագահական, թե՛ պառլամենտական հանրապետություններում, թե՛ միապետություններում, և այլն: Մարդու իրավունքների խնդիրը ես կտարբերակեի: Եթե դուք կարող եք օրինակներ բերել, որտեղ որեւէ կապ կարող է լինել մարդու իրավունքների պաշտպանվածության եւ այլ գործընթացների միջեւ, ես անպայման դրան կարձագանքեմ, բայց այս պահի դրությամբ նման խնդիր հայտնի չէ»:




























