Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը HBO հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ծիծաղել է ի պատասխան «չեչեն գեյերի» վերաբերյալ թղթակցի հարցին: Երբ նրան խնդրել են մեկնաբանել ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները շրջանում իբր տեղի ունեցող առեւանգումների եւ նույնասեռականներին խոշտանգելու մասին, Քադիրովը զարմացել է, որ իրեն նման հարցեր են տալիս, ապա հայտարարել է. «Դա անհեթեթություն է: Մեզ մոտ նման մարդիկ չկան: Մեզ մոտ գեյեր չկան: Եթե կան, Կանադա տարեք: Փառք Ալլահին, մեզնից հեռու», փոխանցում է Lenta-ն: 

«Ինչ էլ որ լինի: Արյունը մաքրելու համար: Եթե այդպիսիք կան, թող այնտեղ տանեն»,- հավելել է Քադիրովը:

Նրանց, ովքեր պնդումներ են տարածում գեյերի նկատմամբ բռնաճնշումների մասին, Քադիրովն անվանել է «շեյթաններ», «ծախու», որոնք «մարդ չեն»: «Անիծված լինեն նրանք մեզ զրպարտելու համար: Նրանք Բարձրյալի առջեւ, միեւնույն է, դրա համար պատասխան կտան»,- հայտարարել է նա: