Փաստաբանների պալատը ոստիկանապետի եւ Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա կարգապահական վարույթներ է հարուցել «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի ու Արայիկ Պապիկյանի նկատմամբ:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը իր դեմ կարգապահական վարույթ հարուցելու Փաստաբանների պալատի նախագահի որոշումն անհիմն ու անհասկանալի է որակում: Այսօր՝ հուլիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հույս ունի, որ խորհուրդը կքննարկի եւ ճիշտ որոշում կկայացնի:
«Հիմք ընդհանրապես չի եղել, թե ինչու է Փաստաբանների պալատի նախագահը գտել, որ այդ հիմքը կա, չեմ կարող ասել: Հույս ունեմ, որ խորհուրդը կքննարկի եւ այս հարցն ու նաեւ բովանդակությանը կանդրադառնա: Անհիմն ու անհսականլի որոշում է սա, այսինքն՝ դատախազությունից ինչ-որ գրություն է ստացել պալատը եւ դրա հիման վրա պալատը կարգապահական վարույթ հարուցելու որոշում է կայացրել»,-ասաց նա:
Արայիկ Պապաիկյանը նաեւ նշեց, որ չի բացառվում, որ այս որոշումը փաստաբաններին լռեցնելու միջոց է:
«Մեծ հաշվով այս ամեն ինչն ավելի խորքային է՝ այն տրամաբանական շղթայի շարունակությունն է մեզ լռեցնելու: Կարծում եմ, որ դրան է միտված, թեեւ այդ ճանապարհով անհիմն որոշում կայացնելը լռեցնելու ձեւ չի, եթե դատախազությունը հույս է ունեցել որ պալատի նման որոշում կայացնելով մենք կկաշկանդվենք մեր գործառույթները կատարելու հարցում, կարծում եմ, որ սխալվում են»,-ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված եւ կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետը դիմելով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, հայտնել է, որ փաստաբան Արայիկ Պապիկյանը զանգվածային լրատվամիջոցով կատարել է հրապարակում, որով դուրս է եկել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից։ Մասնավորապես, նշվել է, որ փաստաբանը փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որեւէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին` անպարկեշտ ձեւակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը, իրեն վերապահելով քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորություններ՝ քրեաիրավական որակման է ենթարկել ոստիկանության ծառայողների գործողությունները, որոշակի տեղեկություններ է հայտնել իր պաշտպանյալից սպասվող հակահարվածի մասին:
Իսկ Վլադիմիր Գասպարյանը Փաստաբանների պալատ ուղարկած գրությամբ դժգոհել էր, թե Շուշանյանն իրավապահների հասցեին հնչեցրել է անհարգալից արտահայտություններ, ինչն, ըստ ոստիկանապետի, «վնասում է իրավապահ ամբողջ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը և որևէ աղերս չունի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման հետ»: Մուշեղ Շուշանյանը Փաստաբանների պալատի այս որոշումը եւս որակել է փաստաբաններին լռեցնելու ձեւ, որպեսզի փաստաբանները հանդես չգան հայտարարություններով, գնահատականներ չհնչեցնեն:




























