Ես ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը: Այս մասին հայտարարել է Արցախի խորհրդարանի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով վաղը՝ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովում երկրի նախագահի ընտրությանը:
«Քանի որ անընդհատ լրագրողներ են զանգահարում և հարցնում թե վաղն ինչպես եմ քվեարկելու, ապա հիմա կասեմ՝ չսպասելով վաղվան: Քվեաթերթիկում լինելու է երկու անուն՝ Էդուարդ Աղաբեկյան և Բակո Սահակյան: Ես ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը», -Facebook-ի իր էջում գրել է Խանումյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն, այսօր՝ հուլիսի 18-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչեւ գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։
ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատագամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։




























