Հրապարակվել է ԱՄՆ-ում վաճառքի հանված ամենաթանկ առանձնատների վարկանիշը: Առաջին տեղը զբաղեցնում է Կալիֆոռնիայում 150 միլիոն դոլարով վաճառվող առանձնատունը: Այն ֆրանսիական ոճով կառուցվել է 1990-ին Լոս Անջելեսում: 5,25 հազար քառակուսի մետր տարածքով պալատն ունի 14 ննջասենյակ, 27 լոգասենյակ, 5 բուխարի: Տարածքում կա շատրվան, լողավազան եւ թենիսի կորտ:

Երկրորդ տեղը զբաղեցնող առանձնատունը գտնվում է Ֆլորիդայում: Գինը 100 միլիոն դոլար է: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2011-ին: 6,2 հազար քառակուսի մետր տարածքում կլինի 13 ննջասենյակ, 23 լոգասենյակ եւ մի քանի բուխարի: 4 հեկտար հարող տարածքում կլինի լողավազան, մոտորանավակների տնակ եւ հինգ տեղանի ավտոտնակ:

Առաջատարների եռյակը եզրափակում է Նեւադայում 100 միլիոն դոլարով վաճառվող կառույցը: Երեք հարկանի առանձնատունը, որը կառուցվել է 2000-ին ունի 3,5 հազար քառակուսի մետր տարածք: Ներառում է 9 ննջասենյակ, 11 լոգասենյակ, խաղասենյակ, գինու մառան, 3 բուխարի եւ փակ լողավազան: 8 հեկտար հողատարածքում կա լիճ: