Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն, այսօր՝ հուլիսի 20-ին, ընդունել է Միացյալ Նահանգներից «Մեր զինվորների հետ» ծրագրով ժամանած Հայ երիտասարդաց դաշնակցություն կազմակերպության մի խումբ անդամների եւ նրանց հետ քննարկել Արցախ-Սփյուռք կապերը:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ամերիկահայ երիտասարդներին, խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց՝ Արցախ այցելելու եւ սահմանը պաշտպանող զինվորների հետ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը: Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ հայության ապագան այսօր կանխորոշվում է Արցախի սահմանին, եւ կարեւոր է համահայկական այն ընկալումը, որ այստեղ կանգնած զինվորը պաշտպանում է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի ու ողջ Սփյուռքի ազգային արժանապատվությունը:
Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահը ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը, Արցախի ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:




























