«Սեւան» ազգային պարկ»-ում անհայտ անձինք մոտեցել են «Ճայերի կղզուն» եւ կրակել թռչունների ուղղությամբ: Այս մասին նշվել է հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստի ժամանակ: Նիստը վարել է Խորհրդի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը, անդրադարձ է եղել պարկի 2017 թվականի ծախսերի եւ եկամուտների նախահաշվի փոփոխություներին, ազգային պարկի զարգացման եռամյա ծրագրին: «Սեւան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրել է խնդրահարույց մի շարք հարցեր:

Նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է  նաեւ քաղաքացիների բարձրացրած  խնդիրներին՝  թռչունների պահպանության հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին:

Մասնավորապես, ահազանգեր են եղել ճայերի վրա կրակելու դեպքերի առնչությամբ, երբ անհայտ անձինք մոտորանավակով մոտեցել են «Ճայերի կղզի» կոչվող տեղանքին եւ կրակոցներ արձակել թռչունների ուղղությամբ:

Խստորեն դատապարտելով արգելոցային տարածքներում նմանատիպ հանցավոր  արարքները՝ նախարար Ա. Մինասյանը հանձնարարել է ուժեղացնել ստուգայցերը, սահմանել ամենօրյա հսկողություն եւ որսագողության կանխման ուղղությամբ իրականացնել խստացված միջոցառումներ, այդ թվում, իրավապահ մարմինների հետ համատեղ սուգայցերի իրականացում,  որսագողերի նկատմամբ պատժի խստագույնս կիրառում եւ, «որսի սիրահարների» հանրային պարսավանք:

Արձանագրված իրավախախտումների առնչությամբ բոլոր նյութերը կներկայացվեն զանգվածային լրատվության միջոցներով: