Բոլոր ներմուծողները պարտավոր են տեխնիկայի կիրառման եղանակների վերաբերյալ հայերենով պատշաճ տեղեկություն ապահովել: Այս մասին հուլիսի 26-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ սպառողը պարտավոր չէ օտար լեզու իմանալ: Չնայած մի քանի խոսքով հայերենով ավելացվում է որոշակի տեղեկություն, սակայն դա անբավարար է: Մելիտա Հակոբյանի խոսքով՝ կազմակերպությունն օրական 5-7 բողոք է ստանում՝ կապված կենցաղային տեխնիկան օգտագործել չկարողանալու հետ: «Մենք կառավարություն դիմեցինք եւ խնդրեցինք ներմուծվող ապրանքի վերաբերյալ տեղեկությունների հայերենով անհրաժեշտ թարգմանություն ապահովել: Մենք պետք է պահանջենք, որ ներմուծողն անպայման այս կամ այն ապրանքի վերաբերյալ պատշաճ թարգմանություն ապահովի, որպեսզի սպառողն իմանա այն ինչպես օգտագործել: Այսպիսով մենք կկարողանանք կասեցնել Հայաստան անորակ ապրանքների ներմուծումը»,- նշեց Հակոբյանը: